ԱՄՆ-ն «ենթականների» հետ բացատրական աշխատանքի գրավոր պարտավորություն էր ստանձնել՝ Սիրիայի օդում ՌԴ-ի հետ չբախվել

ԱՄՆ-ն «ենթականների» հետ բացատրական աշխատանքի գրավոր պարտավորություն էր ստանձնել՝ Սիրիայի օդում ՌԴ-ի հետ չբախվել

«Երբ մենք ստեղծում էինք այդ փաստաթղթերը, չէինք մտածում, որ ոմանք կփորձեն շրջանցել, անօրինական կերպով օգտագործել այս կամ  այն դրույթը, չարաշահել իրավունքները սեփական նպատակներին հասնելու համար»,-հայտարարել է ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Անատոլի Անտոնովն՝ «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակում Թուրքիայի կողմից  երկրի տարածքով  ռուսական դիտորդական թռիչքների ձախողմանը՝ ընդգծելով, որ թուրքական այս քայլը համապատասխան արձագանք կստանա:

Ի դեպ, Անտոնովը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ. 2013թ. փետրվարից սկսած Թուրքիան դիտարկումների համար փակել է երկրի հարավում տեղակայված «Patriot»-ի դիրքերը, իսկ 2014թի հոկտեմբերին հայտարարել է, որ չի կարող երաշխավորել թռիչքների անվտանգությունը երկրի օդային տարածքների որոշ հատվածներում` հիշեցնելով հակաահաբեկչական գործողություններում ներգրավված ռազմական ինքնաթիռների ինտենսիվ թռիչքների մասին և առաջարկել հետաձգել դիտորդական առաքելությունը, ինչին ռուսական կողմն ընդառաջ է գնացել, արդեն դեկտեմբերին թուրքական կողմը փակել է ՌԴ-ի դիտորդական թռիչքների համար Սիրիային հարակից տարածքը և Պայմանագրի նպատակների համար օգտագործվող Դիարբեքիրի օդակայանը:

ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս համատեքստում ընդգծել է, որ թեպետ բախվում են «Բաց երկնքի» պայմանագրի խախտումներին, սակայն փաստաթուղթն իրենց միանգամայն ձեռնտու է և այն չեն պատրաստվում «շրջել»: Վերջինը նաև հարկ է համարել հիշեցնել, որ ՌԴ-ի ռազմական գերատեսչությունը մարտական պատրաստության իր միջոցառումները փորձում է մաքսիմալ բաց իրականացնել, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ին տեղեկացվում են հանկարծակի ստուգումների մասին, որը չի պահանջվում Վիեննայի փաստաթղթով:

Անտոնովը հիշեցրել է, որ նախորդ տարի ռուս և ամերիկացի զինվորականները փաստաթուղթ են ստորագրել՝ կոչված կանխելու  Սիրիայի օդային տարածքում  ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի ինքնաթիռների բախումը:

«Հուշագրի շրջանակում ամերիկացիները պարտավորվել են ոչ միայն կոալիցիայի բոլոր մասնակիցներին տեղյակ պահել այդ պայմանավորվածության մասին, այլև երաշխավորել, թե բոլոր մասնակիցները խստորեն կհետևեն փաստաթղթի պահանջներին: Մենք ունենք ԱՄՆ-ի գրավոր հաստատումը, որ Վաշինգտոնի և գործընկերների միջև հարաբերություններում ֆորմալ բոլոր խնդիրները լուծված են»,-հայտարարել է Անտոնովը:

Այս ֆոնին ՌԴ պաշտպանության փոխնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ ռազմական հարաբերությունները նախկինի պես  «սառեցված» են,  և որ Դաշինքի հետ երկխոսություն հնարավոր է միայն հավասարության սկզբունքով. «Մեք պատրաստ չենք համագործակցել միայն այն հարցերի շուրջ, որոնք բխում են Դաշինքի անդամների շահերից»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է ռուսական սահմաններին մոտ  մեծացնել իր ռազմական ներկայությունը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում