Էրդողանը կրկին ուղերձ է հրապարակել ընդհանուր ցավի մասին

Էրդողանը կրկին ուղերձ է հրապարակել ընդհանուր ցավի մասին

Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն, ըստ էության, կրկնել է նախորդ տարիներին Թուրքիայի կողմից հնչեցված թեզերը, որոնք ոչ այլ ինչ են, քան Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ակոս» պարբերականի կայքում հրապարակված հայտարարությունն առանց խմբագրական միջամտության:

«Ողջունում եմ բոլոր հավաքվածներին, ովքեր եկել են հիշատակելու Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակը: Ողջունում եմ նաև, որ այսօրվա արարողությունն իրականացվում է Թուրքիայում` օսմանցի հայերի ապրած ցավերը հասկանալու և հիշատակը ոգեկոչելու համար ամենաիմաստալից վայրում:

Անատոլիական հողերը, որտեղ չեն անտեսվում մարդկային պարտականությունները, որտեղ անկեղծորեն կիսվում են ուրախությունն ու ցավը, ամեն բանից առաջ է դասվում խղճի ու արդարության զգացումը: Մենք շարունակելու ենք տեր կանգնել օսմանցի հայերի հիշատակին` համաձայն մեր պատմական գիտակցման: Մենք շարունակելու ենք հիշեցնել թուրքերի ու հայերի շուրջ հազար տարվա համատեղ ապրելու մշակույթը: Չենք դադարելու գործել հանուն բարեկամությանն և խաղաղության` ընդդեմ նրանց, ովքեր համատեղ պատմություն ու նման ավանդույթներ ունեցող երկու հարևան ժողովուրդներին ատելություն և թշնամանք պարունակող խոսքերով ցանկանում են հեռացնել իրարից և քաղաքականացնել պատմությունը:

Հարգում եմ օսմանցի հայերի հիշատակն ու ցավակցություններս հայտնում ողջ մնացածների մերձավորներին: Հարգում եմ նույն ժամանակահատվածում բոլոր զոհված օսմանյան քաղաքացիների հիշատակը` անկախ նրանց էթնիկ և կրոնական պատկանելությունից: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք կիսում ենք ընդհանուր ցավը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր անցյալից մինչ օրս իրենց ներդրումն են ունեցել մեր երկրում»:

Էրդողանն առաջին անգամ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն էր արել 2014 թվականին, որի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման և քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին և դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմու­թյունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները»:

«Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի և քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին: Սակայն փաստ է, որ հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմու­թյուն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքականության մեջ: Դրա դրսևորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում»,- հավելել էր Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում