ՊԵԿ-ը պարզաբանում է զինվորական օգնությունը մաքսազերծելու համար 1200 դոլար պահանջելու տեղեկությունը

ՊԵԿ-ը պարզաբանում է զինվորական օգնությունը մաքսազերծելու համար 1200 դոլար պահանջելու տեղեկությունը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել Արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար 1200 դոլար պահանջելու վերաբերյալ հրապարակման առնչությամբ: Պարզաբանման մեջ նշվում է.

«Կայքերից մեկում 2016թ. ապրիլի 30-ին հրապարակված «Արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են 1200 դոլար» նյութի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հրապարակման հեղինակին ներկրմանն առնչվող փաստաթղթերը ներկայացնել ՊԵԿ, ինչից հետո պատրաստ ենք տրամադրել առավել հանգամանալի պարզաբան ում հարցի վերաբերյալ»:

ՊԵԿ-ը մեկ այլ պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին պարբերական բնույթ են ստացել սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, որ իբրև թե Արցախին օգնելու նպատակով ապրանքների ներկրման ժամանակ մաքսային ծառայողները խոչընդոտներ են ստեղծում դրանց տեղափոխման հետ կապված հարցերում: Տեղեկատվությունը նաև տեղադրվում է տարբեր լրատվական կայքերում` ձևավորելով թյուր կարծիք զգայուն խնդրի շուրջ կոմիտեի աշխատանքի մասին: Այսպես, ապրիլի 30-ին «Operativ.am»-ում հրապարակված այդպիսի հերթական «փաստի» վերաբերյալ արդեն իսկ արձագանքել ենք` ներկայացնելով, որ այն իսկական ապատեղեկատվություն է և չի արտացոլում իրականությունը. ապրիլի 1-ից մինչ օրս հրապարակման մեջ նշված դեպքի մասին հիշեցնող ոչ մի տվյալ առկա չէ, այսինքն` նման փաստ չկա:

Հաշվի առնելով նմանատիպ «լուրերի» քանակը` առաջարկում ենք մեր գործընկերներին, նախքան դրանց անդրադառնալը կամ դրանց շուրջ վերլուծություններ ու եզրահանգումներ կատարելը, ճշտել ներկայացվող «փաստերի» իսկությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ:

Հավաստիացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կիսում են առաջնագծին տրամադրվող աջակցության գործում մեր բոլոր հայրենակիցների սրտացավությունն ու պատրաստակամությունը, և կարիք չկա չճշգրտված մեկնաբանությունների հիման վրա սխալ եզրահանգումներ կատարելով ստվեր նետել համակարգի աշխատանքի վրա:

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն դիմում է մեր համաքաղաքացիներին` օգնության նպատակով ներմուծումների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ձևակերպումների հետ կապված հարցերին արագ լուծումներ գտնելու համար զանգահարել Հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում