Տարեկան զորքերը համալրվում են 100-ավոր գիշերային դիտման սարքերով. 2 տարում 1-ին սերնդի ջերմադիտարկման սարքից անցել ենք 2+-ի

Տարեկան զորքերը համալրվում են 100-ավոր գիշերային դիտման սարքերով. 2 տարում 1-ին սերնդի ջերմադիտարկման սարքից անցել ենք 2+-ի

Մեդիա կենտրոնում հրավիրված հարցազրույց-ասուլիսին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չգաղտնազերծեց ՊՆ երեք գեներալների պաշտոնանկության հանգամանքները: Սակայն անդրադառնալով  ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանի մեկնաբանություններին՝ կապված նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի գործելաոճի հետ, Արծրուն Հովհաննիսյանը  նշեց, որ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը մեկ բանի համար չէր պատասխանատու, երկրորդ՝ միայն ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը  չէր, որ դիմել էր, երրորդ՝ նա  մեկ նախագիծ  չէր  պաշտպանության նախարարություն ներկայացրել: Իսկ թե կլինե՞ն նոր պաշտոնանկություններ, Հովհաննիսյանը ևս զերծ մնաց պատասխանից:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեցին  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը և պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: 

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը,  թե բանակը գիշերային տեսանելիության սարքերի և կապի միջոցների խնդիր ունի,  Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ արդեն 3-4 տարի է զորքերը տարեկան կտրվածքով համալրվում են 100-ավոր գիշերային դիտման սարքերով, ընդ որում՝ ամսեամիս իրականացվում է նաև դրանց սերդնափոխությունը, մասնավորապես՝ 2 տարում առաջին սերնդի ջերմադիտարկման սարքից անցում է կատարվել 2+-ի: Իհարկե, պահանջարկային բոլոր խնդիրների կատարումը չի կարող իդեալական լինել:

Այս համատեքստում Արծրուն Հովհաննիսյանը պնդեց՝ գլոբալ առումով բանակում չկա ոչ անձրևանոցի, ոչ սնունդի, ոչ էլ հագուստի և ոչ էլ զենքի խնդիր. «Որքան էլ սիրուն և հերոսական է հնչում, բայց իրականում առանց զենքի հաղթանակներ չեն լինում: Ինչքան էլ ուզում եք քննադատել, բայց ակնհայտ է՝ բանակն իր խնդիրը կատարել է և հաղթել: Լուրջ չի ասել, որ Սասունցի Դավթից ժառանգած չգիտեմ ինչերով ենք միայն հաղթել: Եթե ԶՈՒ-ն չունենա կազմակերպման համապատասխան աստիճան, ղեկավարման հնարավորություն, այսինքն՝ եթե հրամանատարից զինվոր շղթան հստակ չաշխատի և մի տեղ այն կտրվի, հաղթանակ չի կարող լինել: Իհարկե, վստահությունը, որ  կարող ես  խոցել թշնամու  ԱԹՍ-ն տալիս է ոգին, բայց այն, որ նռնականետով զինվորն անօդաչու սարք է խոցել, այդ հմտությունն իր տանից չի բերել, սա մարտական պատրաստության արդյունք է, իսկ սովորեցնողը հրամանատարն է: Շատ ենք թերագնահատում երկու կարևոր գործոն՝ մարտական պատրաստության և հրամանատարական կառավարման՝ թողնելով միայն մեկը՝ ոգին»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում