ՄԽ համանախագահ երկրները շահագրգիռ չեն եղել, որ այսքան զենք չկուտակվեր. շահերն այլ դաշտում էին

ՄԽ համանախագահ երկրները շահագրգիռ չեն եղել, որ այսքան զենք չկուտակվեր. շահերն այլ դաշտում էին

ՄԱԿ-ում պետք է ոչ միայն  Ադրբեջանի դեմ պատժամիջոցի հարց բարձրացնել, այլ ցանկացած երկրի, որը զենք կվաճառի: Այս մասին Times.amի հետ զրույցում  նշեց  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի դեմ  պատժամիջոցներ սահմանելու կոչին և այս հարթությունում մեր անելիքներին:

«Բայց այս հարցը մեկ մարդով չի լուծվում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վետոյի ուժ ունեցող մշտական անդամները, որոնք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր են, իրենք պիտի շահագրգիռ լինեին, որ այս տարածաշրջանում պատերազմ չլիներ, չկուտակվեր այնքան քանակի զենք, որ մարդիկ մտածեին, թե  զենքով կարելի է հարց լուծել: Չեն արել, ավելին՝  նպաստել են և զենք վաճառել: Այսինք՝ շահերի խնդիրն այլ դաշտում է եղել, ուստի պետք է դասեր քաղել, տեսնել մեր բացթողումները և կարողանալ վաղվանից մտածել՝ ինչ պետք է փոխել մեր քաղաքականության մեջ: Անձն է խանգարել, թե՞  թուլությունը, չեմ կարող  ասել,  բայց դա պետք է փոխել»,-ընդգծեց նա:

-Վերջերս ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նույն միտքն էր արտահայտել՝ կողմ է տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին, և որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Ինչին լրագրողը հակադարձել էր՝ դա նաև ձեզ կվերաբերեր, Քոչարյանը չէր բացառել և նշել, որ  դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից:

Եթե երկու կողմին էլ զենք  չվաճառվի, բալանս կլինի: Այստեղ պետք է հարց տրվի՝ ինչի տեղի ունեցավ պատերազմական իրավիճակ: 1994-ին ինչն էր բերել հրադադարի վիճակին, երբ Ադրբեջանը համաձայնեց համաձայնագիր ստորագրել նաև ԼՂՀ ներկայացուցչի հետ,  պատասխանը հետևյալն է՝ կար ուժերի հավասարակշռություն:  Եթե դա չխախտվեր,  որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ինքը կարող է հաջողություն ունենալ ռազմական ճանապարհով: Կամ եթե Ռուսաստանն Ադրբեջանին չվաճառեր 5 մլրդ-ի զենք և մեզ էլ չտար, բալանսը մնալու էր. եթե այն պահպանվում է, չկա պատերազմական գործողություն: Պիտի կարողանալ բալանսը պահպանել և Ադրբեջանի մոտ ռազմական գործողությունների գնալու ցանկություն չի արթնանա: Իսկ որ վայրկյանին Ադրբեջանն իրեն զգաց թեկուզ 1 մմ ավելի շատ և ուժեղ , քան ՀՀ-ն և Արցախը, նորից ցանկություն է ունենալու ռազմական ճանապարհով իր խնդիրները լուծել: Երբ կարողանում ենք անել այնպես, որ նա հասկանա, թե Արցախն ու ՀՀ-ն  ավելին են, քան ինքը, դա չի անելու:  Պետք է բալանսը կարգավորել:

-800 հա տարածք կորցրեցինք, սա չի ավելացնի ռազմական ճանապարհով հարցեր լուծելու Ադրբեջանի ցանկությունը:

–Ով է ասել, որ դա չեն վերցնելու,  հո չեն հայտարարելու, թե… Պետք է մտածել, թե ինչ «տնային աշխատանք» պիտի անել, որ բանակի բացերն ու խութերն ուղղվեն, որպեսզի  ճիշտ պահին վերականգնենք:

-Փոքր-ինչ շեղվենք նշված թեմայից. Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո ՀՀ ղեկավարությունից ոգևորված հայտարարում էին, որ Իրանի հետ հարաբերությունները տնտեսական նոր մակարդակի վրա կլինեն, խոշոր նախագծերը կիրականացվեն, բայց ոչ մի նոր որակի ականատես չեղանք, ավելին՝ Ադրբեջանը կարողացավ  Իրանի հետ լուծել  մի շարք խնդիրներ: Այս կարծիքին են տնտեսագիտական շրջանակներում հատկապես: 

-Հնարավորությունների օգտագործման խնդիր է, այսօր չլինի, վաղը կլինի, պետք է աշխատել: Մյուս կողմից պիտի հասկանալ, որ ցանկացած երկիր առաջնորդվում է իր սեփական շահերով: Իրանի հետ մենք խնդիր չունենք: Եթե խոսքը գնում է Հայաստան-Իրան երկաթգծին, ապա դրա համար պահանջվում է 5 մլրդ, իսկ Ադրբեջանի դեպքում մի քանի անգամ ավելի էժան է համապատասխան ծրագիրը: Իրանն այն երկիրն է, որ իր հարևանների հետ ուզում է նորմալ հարաբերություններ ունենալ և ճիշտ քաղաքականություն վարել: Եթե չի ստացվում երկաթգծի ծրագիրը, պետք է այլ ճանապարհի մասին մտածել: Օրինակ՝ ցանկացած ապրանք, որը Հայաստանով տարվի, հարկային արտոնություն կունենա: Ամեն ինչ չի վերջացել, պետք է փնտրել և փնտրտուքների մեջ չպետք է ամեն ինչ սև ու սպիտակով նայել: Այսօրվա դրությամբ նավթամուղը կարող է լինել խաղաղության, բայց կարող է լինել նաև պատերազմի, ցանկացած երկաթգծի հնարավորությունը նույնն է: Այն, որ Աբխազիա-Վրաստան-Ռուսաստան երկաթգիծ կար, դա դեռ  հաջողություն չի բերել: Այնպես որ պետք է նոր ծրագիր փնտրել, մինչդեռ մենք մտածում ենք միայն երեքի մասին և դրանից դուրս չենք նայում:  Ես վստահ եմ, որ մեր համապատասխան կենտրոնները համապատասխան աշխատանք տանում են: Եթե պարտվեցինք, պարտվելու ենք բոլորս: Եթե Հայաստանը պարտվեց, բոլորս ենք պարտվելու: Իսկ Իրանն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունները պահի:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում