Իրանի համար վտանգավոր է Կովկասի ինտերնացիոնալացումը. ԼՂ-ում էսկալացիան դիտվում է որպես դրան նպաստող գործիք. Մարկեդոնով

Իրանի համար վտանգավոր է Կովկասի ինտերնացիոնալացումը. ԼՂ-ում էսկալացիան դիտվում է որպես դրան նպաստող գործիք. Մարկեդոնով

ԼՂ-ի պատճառով տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի ապախորհրդայնացումը. սկզբում հայերը հասկացան՝ ԽՍՀՄ-ի միջոցով ԼՂ հարցը չի լուծվի, այդ գործիքը չի աշխատում,  ուստի պետք է փորձել այլ գործիքակազմ, այնուհետ սրան հանգեց նաև Ադրբեջանը, հակառակ դեպքում նրանք խորհրդային միությունից չէին փախնի:

Այս մասին «Կովկաս-2015» միջազգային գիտաժողովի շրջանակում  ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հրավիրված քննարկմանը հայտարարեց Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ նկատելով, որ եթե անգամ Ադրբեջանում նավթը վերջանա, իսկ Հայաստանը շատ հարստանա, միևնույնն է ԼՂ հարցն այս երկրներում չի կորցնելու իր կարևորությունը: 

Ինչ վերաբերում է Արևմուտքում չափազանց ակտուալ տեսակետին, թե հասարակությունների ժողովրդավարացումը կարող է լինել կոնֆլիկտների լուծման գործիք, քաղաքագետը նկատեց, որ երբ գտնվում ենք ազգաշինության փուլում, հարց կարող է լինել՝ պետք է նախառաջ «demos»-ը կառուցել, իսկ այն կառուցողները կարող է և ցանկանան կոնֆլիկտ՝ գտնելով, որ այսինչ հողը, տարածքը պետք է իրենց պատկանի, քանի որ դա ազգային նախագծի մի մասն է:

Անդրադառնալով կարծիքներին, թե ղարաբաղյան կոնֆլիկտը չի հետաքրքրում արտաքին ուժերին, Մարկեդոնովը չհամաձայնեց՝ չափազանց հետաքրքիր է. «Օրինակ ՌԴ-ի համար սա հնարավորություն է ցույց տալու, թե ինչ է ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, ինչ ասել է առհասարակ եվրասիական ինտեգրումը: Իրանի դեպքում՝ վտանգավոր է Կովկասի ինտերնացիոնալացումը, իսկ էսկալացիան դիտվում է որպես դրան նպաստող գործիք, ուստի պետք է անել այնպես, որ միջազգային կազմակերպությունները  չգան և հավաքվեն այդտեղ, դրա համար էլ Իրանը ՌԴ-ի օբյեկտիվ դաշնակիցն է: ԱՄՆ-ի դեպքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը 100 կմ-ից էլ  քիչ հեռավորության վրա է գտնվում Ղարաբաղից, այդ դեպքում ինչ կլինի այլընտրանքային էներգետիկան: Այս խնդրում ունիվերսալ մոտեցմանը չեմ հավատում, ինձ համար հիմար ձևակերպում է նաև «երկակի ստանդարտ» ասվածը. երբ քաղաքական գործիչները մոզայկա են հավաքում, նրանք չեն բացում ստանդարտների հանրագիտարանը և ասում՝ չճանաչել Կոսովոն, քանի որ  չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, կամ Ղրիմը: Քաղաքականության մեջ այդպես չի արվում, ստանդարտներ գոյություն չունեն ընդհանրապես»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում