Վրաստանի նախագահն սկսել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական արշավը

Վրաստանի նախագահն սկսել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական արշավը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական արշավը, որը նպատակամղված կլինի երկրի քաղաքացիներին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ներգրավելուն, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դուք պետք է շրջեք քաղաքներում, գյուղերում եւ համոզեք մարդկանց, որ նրանք պետք է կատարեն իրենց ընտրությունը: Դուք պետք է հորդորեք նրանց՝ լավ լսել քաղաքական գործիչներին, նրանց խոստումները եւ այն, թե որքանով են այդ խոստումներն իրատեսական եւ իրագործելի»,- հայտարարել է նախագահը Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջանում՝ դիմելով հավաքված երիտասարդությանը:

Պետության ղեկավարի վարչակազմի տվյալներով՝ նախագիծը նախատեսում է ամառային դպրոցների ստեղծում երկրի ութ քաղաքներում: Արշավի գլխավոր նպատակը երկրի քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, ընտրություններին մասնակից դարձնելն է: Այս արշավը չի պաշտպանում քաղաքական կուսակցություններից որեւէ մեկին:

«Հատկապես կարեւոր է այն, որ դուք մարդկանց չեք խնդրելու իրենց ձայնը տալ այս կամ այն քաղաքական գործչին: Ձեզ անհրաժեշտ է անել մի բան՝ դուք պետք է երկրի քաղաքացիներին համոզեք 2016 թվականի հոկտեմբերի 8-ին գալ ընտրական տեղամասեր եւ կատարել ընտրություն»,- հավելել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում