Քաղաքագետը ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը համարում է պարտադրված

Ռուս-թուրքական հարաբերություններում կան ահռելի խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ` այդ հարցերից են քրդերի խնդիրը, սիրիական խնդրի շուրջ տարբեր մոտեցումները, ինչպես նաև վստահության պակասը:

«Հենց հիմա Հալեպում ռուսները ռմբակոծում են թուրքական ուժերին: Ռուս-թուրքական ռազմական դաշինքի մասին խոսք լինել չի կարող: Այդ երկրների հարաբերությունների մերձեցումը պարտադրված է եղել, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը եղել են Արևմուտքի կողմից «արհամարված»,– կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան ծայրահեղ բարդ իրավիճակում է: Նրա խոսքով՝ Էրդողանը առանց բացառության հասցրել է վիճել իր բոլոր հարևանների հետ, համարձակվել է վիճել Եվրոպայի, Ամերիկայի և բազմաթիվ այլ երկրների, ինչպես նաև ներքին ուժերի հետ՝ գյուլենականների, բանակի և քրդերի հետ:

«Այդ ամենից բացի այնտեղ դեռ նկատվում է տնտեսական անկում»,– շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում