Ադրբեջանը համատարած կերպով մասնավորեցնում է պետական օբյեկտները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը տնտեսական ճգնաժամից հանելու հույսով համատարած կերպով պետական օբյեկտների մասնավորեցման գործընթաց է սկսել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թրենդ»-ը` հղում կատարելով Ադրբեջանի պետական գույքի կոմիտեին, հայտնում է, որ Ադրբեջանում միանգամից մասնավորեցման է ներկայացվել 50-ից ավելի պետական օբյեկտ, որոնց թվում են այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսին են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, Ադրբեջանի բաշխիչ ցանցերը` «Ազերէներժի»-ն, «Ադրբեջանի ավիաուղիները»` AZAL-ը եւ այլն:

Նշվում է, որ աճուրդի հանված ընկերություններից 25-ը տեղաբաշխված են երկրի տարբեր շրջաններում, որոնց կանոնադրական կապիտալում վերահսկիչ փաթեթի բաժնետոմսերի 30-45 տոկոսը ենթակա է մասնավորեցման: Այդ բաժնետիրական ընկերությունները գործում են տնտեսության տարբեր ոլորտներում` արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի հատվածում, ծառայությունների ոլորտում եւ այլն:

Նավթի եւ մանաթի էժանացման պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրը «Շահդենիզ-2» գազային հանքահորից գազը Թուրքիայի վրայով Եվրոպա արտահանելու «Հարավային միջանցք» գազային նախագծի իրականացումն է, պետք է մոտ 8 մլրդ դոլարի ներդրում կատարի նախագծում, սակայն չի կարողանում վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Ադրբեջանին վարկ տալուց օրերս հրաժարվել էր նաեւ Միջազգային ասիական բանկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում