Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը

Եվրախորհրդարանում օգոստոսի 31-ին լսումներ կանցկացվեն աշխարհի երրորդ երկրներում, այդ թվում` Ադրբեջանում մարդու իրավունքների եւ կոռուպցիայի իրավիճակի թեմայով: Լսումներին կմասնակցի «Սպորտը հանուն մարդու իրավունքի» (Sport for Human Rights) արշավի համակարգող Ռեբեկա Վինսենթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին twitter-ի իր էջում գրառել է ինքը` Ռեբեկա Վինսենթը:

Լսումներին կմասնակցեն Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքական գործողությունների ծառայությունները: Վինսենթը գտնում է, որ ԵՄ-ը պետք է Բաքվից ավելի խստորեն պահանջի կատարել մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները:

«Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավի ակտիվիստները գտնում են, որ չնայած մարտ-մայիս ամիսներին մի շարք քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստների ազատմանը, Ադրբեջանում իրավիճակը գործնականում չի փոխվել, վերջին մի քանի շաբաթներին նոր ձերբակալությունն եր են տեղի ունեցել:

Նրանք նշել են, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի կողմից սեփական լիազորություններն էլ ավելի ընդլայնող սահմանադրական փոփոխությունների գծով հանրաքվե նախաձեռնելուց հետո, որը պետք է անցկացվի սեպտեմբերի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում