Ադրբեջանից քաղաքական եւ տնտեսական պատճառներով հեռացողների թիվն օրեցօր մեծանում է

Արտասահմանյան երկրներում Ադրբեջանի քաղաքացիների ապաստան կամ կեցության իրավունք ստանալու գլխավոր պատճառը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com լրատվական կայքը:

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանից հեռացողների մեծ մասը, որոնց թիվն օրեցօր աճում է, ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են, որոնք բողոքի ակցիաներում նախկին ձերբակալված, բռնաճնշումների ենթարկված անձինք են:

Կայքը գրում է, որ Ադրբեջանից հեռացողների թիվն աճում է նաեւ երկրում ստեղծված խորը տնտեսական ճգնաժամի հետեւանքով գործազրկության մեծ մակարդակի պատճառով:

Ադրբեջանցի սոցիոլոգ Ահմեդ Գեշեմօղլուն կայքի հետ զրույցում այդ առնչությամբ ասել է, որ «քաղաքացիները տեսնում են, որ երկրում իրենց ներուժից օգտվելու պայմաններ չկան, եւ այդ պայմանը որոնելու համար լքում են Ադրբեջանը, եւ այլեւս չեն վերադառնում:

«Արգելքներով հարց չես լուծի: Անհրաժեշտ է երկրում արդարության մթնոլորտ եւ ինքնաիրացվելու պայմաններ ստեղծել: Հակառակ դեպքում, Ադրբեջանը լքողների թիվն ավելի կմեծանա», -ասել է փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում