Իրանի եւ «վեցյակի» ԱԳ նախարարները Նյու Յորքում քննարկելու են միջուկային գործարքը

Իրանի եւ «վեցյակի» ԱԳ նախարարները Նյու Յորքում քննարկելու են միջուկային գործարքը

Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Գերմանիայի) արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին հանդիպում կանցկացնեն Նյու Յորքում՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող գործարքի կատարման ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է «վեցյակի» մասնակից երկրներից մեկի մի դիվանագետ:

Նրա խոսքով՝ քննարկվելու են գործարքի մանրամասները, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացմանը վերաբերող հարցեր: Հանդիպումը կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակներում, որը կծավալվի սեպտեմբերի 20-ից մինչեւ 26-ը:

Բացի այդ, կա այն բանի հավանականությունը, որ եկող շաբաթ Նյու Յորքում կկայանա Սիրիայի աջակցման միջազգային խմբի հանդիպումը, սակայն դրա վերաբերյալ որոշում դեռեւս չի ընդունվել, նշել է դիվանագետը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում