Թրամփը հայտարարել է Քլինթոնի հետ հեռուստաբանավեճում իր հաղթանակի մասին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է դեմոկրատներից իր ընդդիմախոսի՝ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռուստաբանավեճում իր հաղթանակի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օհո, գերազանց ելույթ ունեցա՝ դատելով բանավեճի արդյունքների շուրջ հարցումներից (բացառությամբ CNN-ի, որը ես չեմ դիտում): Շնորհակալություն»,- գրել է Թրամփը Twitter-ի իր Էջում:

Ի հաստատումն իր խոսքերի, հանրապետականների թեկնածուն վկայակոչել է այլ հրատարակությունների կողմից անցկացված մյուս հարցումների արդյունքները, այդ թվում՝ Time հանդեսինը (59 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց), CNBC-ինը (61 տոկոս՝ 39 տոկոսի դիմաց), Variety-ինը (55 տոկոս՝ 45 տոկոսի դիմաց), The Hill-ինը՝ (59 տոկոս՝ 36 տոկոսի դիմաց):

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը եւ հանրապետական Դոնալդ Թրամփն առաջին անգամ մասնակցել են դեմ առ դեմ հեռուստաբանավեճին: Այս դիմակայությունը պատմական են համարում. Սպիտակ տան պաշտոնին, մի կողմից, առաջին անգամ հավակնում է կին եւ նախկին առաջին տիկինը, իսկ, մյուս կողմից՝ երբեք ընտրովի պաշտոններ չզբաղեցրած միլիարդատեր:

CNN հեռուստաալիքի լսարանը հեռուստաբանավեճում հաղթանակը շնորհել է Հիլարի Քլինթոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում