Երևանի կենդանաբանական այգում ընթացքի մեջ են վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները

Երևանի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Ծրագրով նախատեսված է նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ կառուցել գայլերի, արջերի, առյուծների ու թռչունների համար: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում շուրջ 6000 քմ-ով կավելանա այգու օգտագործելի տարածքը: Այն կլինի համապատասխան դիտահարթակներով, որպեսզի այցելուների համար համապատասխան հարմարություն ստեղծվի:

Նորովի ու ինքնատիպ լուծումներով կառանձնանա նաև առյուծների ազատավանդակը: Շուրջ 3000 քմ տարածք զբաղեցնող ազատավանդակը կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ:

Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում նաև թռչունների ազատավանդակի հարցում: Կառուցվող նոր ազատավանդակը հնարավորություն կտա այցելուներին շփվելու թռչունների հետ:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում Երևանի կենդանաբանական այգին դարձավ լավագույնն ամբողջ տարածաշրջանում: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում աշխատանքներ տարվեցին բոլոր ուղղություններով՝ ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ՝ այգին նորացվեց, ինչպես նաև համալրվեց նոր ազատավանդակներով: Կառուցվեցին նաև յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ՝ այդ թվում նաև հենաշարժողակա ն խնդիրներ ունեցող փոքրիկների համար:

Պատասխանատուների հավաստմամբ երկրորդ փուլի աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, իսկ առաջիկա տարիներին այգում կիրականացվեն արդեն զարգացման տարբեր ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում