Տիգրան Ջրբաշյանը ներկայում Հայաստանում դեֆոլտի հիմք չի տեսնում

Հայաստանում ներկայում դեֆոլտի հիմք չկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

«Եթե մենք դիտարկենք վերջին տարիների դրամական հաշվեկշիռը, ապա կտեսնենք, որ այն բավական բարելավվել է: Եթե 3 տարի առաջ մեր վճարային հաշվեկշռի դեֆիցիտը կազմում էր 14-15 տոկոս, ապա այսօր 2-3 տոկոս է: Շատ լուրջ բարելավում կա»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով, իրականության մեջ տնտեսությունը սեղմվել է թե սպառման, թե ներմուծման տեսանկյունից, սակայն Կենտրոնական բանկի առկա ռեսուրսները բավարար են, որ դեֆոլտ չլինի:

«Խնդիրն այլ է: Այս ընթացքում արտաքին պարտքն աճել է, և դա խնդիր է, եթե այն չի ուղղորդվում դեպի տնտեսական ակտիվության ապահովում: Գալու է մի ժամանակ, երբ մենք ունենալու ենք արտաքին պարտքի սպասարկման մեծ վճարներ, ահա այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ, եթե չապահովվի տնտեսական ակտիվություն: Ինչ վերաբերում է ներկային, ապա դեֆոլտի հիմքեր չեմ տեսնում»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում