Երևանում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը

Հայաստանում արդեն 7-րդ անգամ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման, Արտաքին գործերի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ անցկացվում են «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը նշեց, որ 2008 թվականից սկսած «Մուլտի գրուպ» ընկերության հետ Հայաստանում իրականացնում են միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը:

«Միջոցառման շրջանակում անցկացվելու է նաև բիզնես ֆորում: Միայն ցուցահանդեսին առանձին տաղավարներով մասնակցելու են 100-ից ավելի ընկերություններ, սակայն ընդհանուր առմամբ, մասնակցության համար գրանցվել է 500 ընկերություն` Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Հայաստանից: Յուրաքանչյուր ընկերություն եկել է կոնկրետ բիզնես ծրագրերով»,- ասաց Դավիթ Վարդանովը:

Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ էներգետիկայի, մեքենաշինության, ավտոմեքենաների արտադրության, շինարարության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության ոլորտներից: Ավանդաբար ցուցահանդեսի ներկայացուցչական բարձր մակարդակն ընդգծվում է Հայաստանի նախագահի, Կառավարության ղեկավարի, պատգամավորների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը նշեց, որ այս միջազգային ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է ներկայացում բիզնես շրջանակի համար:

«Այս ցուցահանդեսն արդեն 7-րդ անգամն է իրականացվում: «Մուլտի գրուպ»-ն աջակցում է կազմակերպչական աշխատանքներին: Ցուցահանդեսի անցկացումը տարեցտարի բիզնես ոլորտում բերում է նոր պայմանավորվածությունների»,– հավելեց Սեդրակ Առուստամյանը:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, կարևորելով այս միջազգային ցուցահանդեսի անցկացումը, նշեց, որ այն նպաստում է մասնակից երկրների բիզնես ոլորտի ակտիվացմանը:

«Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունն ապանքային տեսքով ավելանում է: Իհարկե, արժույթի տատանումները որոշակիորեն թույլ չեն տալիս վերադառնալ նախկին տեմպերին, բայց դրական տեղաշարժ նկատվում է: Ես կարող եմ ասել, որ նման ցուցահանդեսները նպաստում են երկու երկրների տնտեսական զարգացմանը: Այժմ քննարկվում են միջտարածաշրջանային համագործակցության հարցեր: Ես ցանկանում եմ ասել, որ Հայաստան-Ռուաստան տնտեսական հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով»,- ասաց դեսպանը:

Ցուցահանդեսը ռուսական և օտարերկրյա ընկերությունների համար լավ հնարավորություն է գործարար կապերի հաստատման, նոր շուկա դուրս գալու համար: Ցուցահանդեսը բոլոր կողմերի համար դարձել է արտադրանքի և հնարավորությունների ներկայացման, պայմանագրերի կնքման լավագույն հարթակ: Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 26-28-ը «Երևան Էքսպո» կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում