Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Չինաստանի անվտանգության նախարարի տեղակալին

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 26-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության դինամիկ զարգացումն ու խորացումը հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ:

Լի Վեյը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, մասնավորապես, հասարակական կարգի ապահովման, կիբերհանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի տեղեկատվական անվտանգության ապահովման, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ընդունելությանը նախորդել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի աշխատանքային հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակության հետ:

Հունան Պողոսյանը գոհունակություն հայտնեց երկու գերատեսչությունների միջև 2015 թվականին Պեկինում կնքված համաձայնագրի դրույթների կենսագործման կապակցությամբ՝ նշելով, որ տեղի են ունեցել մի շարք գործնական հանդիպումներ չինացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցության հարցեր, արձանագրություն է ստորագրվել ՀՀ ոստիկանությանը ոստիկանական սարքավորումներ և անհատույց օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, հայ իրավապահները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կազմակերպվ? ?ծ մի շարք մասնագիտական դասընթացների, սերտացել է գործակցությունը հետախուզման, տնտեսական հանցագործությունների, ինչպես և կիբերհանցագործությունների ու թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման ուղղությամբ:

Լի Վեյը հավաստեց, որ արդյունավետ փոխգործակցությունը նախանշված բոլոր ոլորտներում շարունակվելու է՝ ի շահ հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարության միջև ստորագրվեց ահաբեկչության, կիբերհանցավորության և թմրամիջոցների անօրիանական շրջանառության դեմ պայքարի ոլորոտում համագործակցության համաձայնագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում