«Առաջնագծում» Խորագրով ցուցահանդես Շուշիում (լուսանկարներ)

«Լուսանկարներից մեզ նայող զինվորների խորաթափանց հայացքներում ինքներս մեզ ենք գտնում։ Կարծես բոլորը վաղուց ի վեր ծանոթ մարդիկ են, հարազատ դեմքեր, խառն ապրումներով: Պարզ ու հպարտ հայացքներ, որ ասելիք ունեն բոլորիս»,- ասում է լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, բացատրելով, թե ինչու մեծամասամբ զինվորականների դիմանկարներ են իր գործերում։

Լուսանկարչի վերջին շրջանի այդ աշխատանքները՝ 60 լուսանկար, այսօր հանրության դատին ներկայացվեցին Շուշիի Արվեստի կենտրոնում բացված նրա անհատական ցուցահանդեսում՝ «Առաջնագծում» խորագրի ներքո։

Լուսանկարները, Ենգոյանի հաղորդմամբ, կատարվել են ապրիլին՝ առաջնագծում, մարտական գործողությունների օրերին։ Նրա խոսքով՝ սահմանում իր հայտնվելու պատճառն ամենևին էլ լուսանկարչությունը չէր, այլ վերսկսված պատերազմի փաստը: Հենց այնտեղ էլ նա ծանոթացել է մերօրյա հերոսների հետ և իր ապրած զգացողությունները փորձել լուսանկարչական սարքի միջոցով մեզ փոխանցել:

Ցուցահանդեսի բացմանը, որն իրենց ներկայությամբ պատվեցին ՀԱԵ Ացախյան թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ներկա էին շուշեցի, ինչպես նաև մայրաքաղաքից և Բերձորից ժամանած արվեստասերներ։ Ի դեպ, նրանցից մեկը՝ Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Ալլա Սարգսյանը լուսանկարներից մեկում ճանաչեց իր նախկին աշակերտներից մեկին և, բնականաբար, շատ տպավորված էր։

Արմեն Եգոնյանն ափսոսաց, որ իր լուսանկարների հերոսները հնարավորություն չունացան ներկա գտնվել ցուցահանդեսին, փոխարենը, եկել էին Շուշիում տեղակայված զորամասի զինվորները:

Սա «Առաջնագծում» հավաքածուի երկրորդ ցուցադրությունն է: Առաջինը ցուցահանդեսը կայացել է Երևանում, որտեղ, հեղինակի խոսքով` նույնպես ջերմ ընդունելության է արժանացել:

Յուլյա ՎԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում