ԱՄՆ-ի Կոնգրեսում օրինագիծ է ընդունվել Սիրիայի եւ նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսում օրինագիծ է ընդունվել Սիրիայի եւ նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին միաձայն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության, ինչպես նաեւ նրանց դեմ, ովքեր աջակցություն են ցույց տալիս Արաբական Հանրապետությանը, ներառյալ Ռուսաստանը եւ Իրանը: Այժմ այն կներկայացվի Սենատի քննարկմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նիստում պարզաբանել է պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, պատժամիջոցները կուղղվեն տնտեսության մի ամբողջ շարք հատվածների դեմ, որոնք Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ են մարտական գործողություններ վարելու համար:

«Այս օրինագիծը ենթադրում է պատժամիջոցների սահմանում այն անձանց դեմ, ովքեր շարունակում են գործեր վարել Ասադի վարչակարգի հետ»,- իր հերթին պարզաբանել է նախաձեռնության մշակող դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնգելը:

«Մենք կհետեւենք այն մատակարարումներին, որոնք սնուցում են ռազմական մեքենան. փող, ինքնաթիռներ, պահեստամասեր, նավթ: Խոսքը վերաբերում է մատակարարման ամբողջ շղթային: Եվ այո, մենք կգործենք Ասադի գործընկերների դեմ, որոնք նրան օգնում են բռնություններ իրագործելու հարցում»,- շարունակել է օրենսդիրը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, Իրանը, «Հըզբոլլահը» մասնակցել են Սիրիայում պատերազմական հանցագործություններ կատարելուն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում