Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»

Հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարա­պե­­տու­թյունն ուսում­նա­սի­րող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։ Բացառիկ այս աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Այն էլեկտրոնային տարբերակով տեղադրված է Հայկական ճարտարապետությունն ուսում­նա­սի­րող հիմնադրամի կայքում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ-ից:

Սա Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ֆորմատով ներկայացրած աշխատանք է, որտեղ տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի (ներառյալ Արցախի բռնազավթված հյուսիսային հատվածը) պատ­մու­թյան տարբեր ոլորտները` սկսած երկրամասի հայկականությունը մատնանշող առա­վելապես օտարազգիների կազմած քարտեզ­ների մի խմբի մատուցումից մինչև ազգաբաշխական (1914թ.), գրչօջախ­ների, կրթական հաս­տա­տու­թյունների, բեր­դերի, պաշտպանական կառույցների, կամուրջների, պատմա­կան հուշարձան­նե­րի վայրերը ներկայացնող քարտե զներ:

Նշենք, որ քարտեզագրքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Ինչպես նկատում է «Հոգու պարտք» ՀԿ-ի նախագահ Շողինե Հովհաննիսյանը, այս աշխատության առաքելությունն Արցախի պատմության, մշակույթի և զանազան այլ նյութերին հայ հասարակությանը հաղորդակից դարձնելն է, հատկապես Արցախի խնդրով ի պաշտոնե զբաղվող քաղաքական գործիչնե­րին, ինչպես նաև մեր ճշմարտությունը պարզապես օտար հանրությանը ներկայացնելու քարոզչական նպատակներին:

Հայկական ճարտա­րա­պե­­տու­թյունն ուսում­նա­սի­րող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նկատում է, որ Արցախին վերաբերող ցանկացած աշխատություն, պատմական, մշակութային բնույթի ուսումնասիրություն կարևոր է, քանի որ բավականին շատ նյութ կա։ Մասնավորապես, պատմական հուշարձանների մասով օգտագործվում են Շահեն Մկրտչյանի՝ դեռևս 1980-ականներին լույս տեսած գրքերը։ Վերջին տարիներին լույս են տեսել ավելի շատ Արցախի ազատամարտին, քան պատմական անցյալին և մշակութային ժառանգությանը նվիրված աշխատություններ։ Պարոն Կարապետյանն այս համատեքստում կարևորում է հենց քարտեզագրությունը, քանի որ մեկ էջի վրա կարելի է այնքան տեղեկություն փոխանցել, որքան մի ամբողջ գրքի բովանդակություն։

«Արցախ քարտեզագրքի» միջոցով տարբեր ոլորտներ են արծարծվում, այն կարող է օգտակար լինել մշակութաբանների, պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, ձեռագրագետների, Արցախի կրթօջախների պատմությամբ հետաքրքրվողների համար։

«Արցախ քարտեզագիրքը» սկսվում է համառոտ ակնարկից՝ ներկայացնելով Արցախի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պարոն Կարապետյանը նշում է, որ դեռևս 1865թ. եվրոպացի մասնագետներից մեկի կազմած քարտեզում օգտագործվում է ոչ թե Ղարաբաղ, այլ Արցախ անվանումը։ Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ Արցախ անվանումը ճանաչելի է օտարազգիներին դեռևս 19-րդ դարից, ուստի չպետք է նահանջել Արցախ աշխարհագրական միավորի շրջանառումից։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորված այս ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, նշում է, որ հայրենասիրական դաստիարակության բաղադրիչներից է պատմական հիշողությունը, իսկ դրա կարևոր սյուներից է Հայրենիքի տարածաժամանակային ընկալումը, այսինքն՝ Հայրենիքը պատմական ինչ ժամանակաշրջանում ինչ քաղաքական նպատկեր է ունեցել: «Այս առումով կարևոր դեր ունեն քարտեզագրքերը: Առավել ևս եթե խոսքն Արցախի պատմական քարտեզագրքի մասին է, որը հասցեագրված է ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողին: Վստահ ենք, որ այս ծրագրով կյանքի կոչված Արցախի քարտեզագիրքը կդառնա հայ աշակերտի, ուսումնասիրողի, քաղաքացու, դիվանագետի և զինվորի սեփականությունը»,- ասել է Գայանե Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում