Դալայ լաման մտադիր է այցելել ԱՄՆ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ

Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել նրա պաշտոնակալման արարողությունից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«Կարծում եմ՝ ԱՄՆ այցի հետ կապված որոշակի խնդիրներ գոյություն ունեն, ուստի ես կգնամ այնտեղ՝ հանդիպելու նոր նախագահի հետ»,-տիբեթյան վանականի խոսքը մեջբերել է գործակալությունը:

Նա նշել է, որ «ընտրարշավի ընթացքում թեկնածուները մտքերն արտահայտելու ավելի մեծ ազատություն ունեն», իսկ ընտրվելուց հետո նրանք ավելի մեծ պատասխանատվություն են կրում իրենց խոսքերի համար:

Reuters-ի տվյալներով՝ Դալայ լաման ընդգծել է, որ միշտ էլ ԱՄՆ-ը համարել է «ազատ աշխարհի առաջատար պետությունը»:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման Տիբեթի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպել է չորս անգամ, վերջին անգամ՝ այս տարվա հունիսին, չնայած Չինաստանի այն հայտարարությանը, որ դա կարող է բացասաբար ազդել երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում