Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հանգիստ է

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունն այս պահին հանգիստ է: Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Չկա որևէ լարվածություն: Այն կրակոցները, որ հատկապես գիշերային ժամերին լինում են, և գրեթե ամեն օր են լինում, իհարկե, շատ քիչ քանակությամբ, ինչ-որ առումով նորմայի մեջ են: Դա չի նշանակում, որ լարվածություն կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դրանց մասին երբեմն հայտնում են, երբեմն ոչ, որովհետև հիմնականում դրանք ոչ թիրախային կրակոցներ են: «Ինչպես նշեցի այս պահին իրավիճակը հանգիստ է, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, հետևում են հակառակորդի գործողություններին»,– ասաց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում