Արցախի ՄԻՊ-ը ադրբեջանական վայրագությունների մասին զեկույցը ներկայացրել է դիվանագիտական խողովակներով

Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը ներկայացնող Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցն արդեն ներկայացվել է դիվանագիտական խողովակներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մենք, մեր բոլոր հնարավորություններն օգտագործելով, տարածելու ենք այս զեկույցը` թե ընդհանուր, թե թիրախային: Արդեն դիվանագիտական խողովակներով ներկայացրել ենք այն: Բոլոր հնարավոր ձևերով փորձելու ենք զեկույցը տարածել»,- ասաց ՄԻՊ-ը` հայտարարելով, որ զեկույցը ներկայացվել է նաև Ադրբեջանում գործող մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին:

Նա ընդգծեց, որ ընթացիկ տարվա ավարտին շատ միջազգային կազմակերպություններ տարեկան զեկույցներ կազմելիս հնարավոր է հղումներ անեն նաև հրապարակված զեկույցին: «Չեմ կարող ասել վստահաբար, սակայն կարծում եմ, որ դրանք օգտագործվում են դիվանագիտական և այլ հարթություններում ևս»,- նշեց նա:

Ռուբեն Մելիքյանն ուշադրություն հրավիրեց դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությանը, որում «առաջին անգամ ոչ հասցեական խիստ մտահոգություն է հայտնվել ներկայացված դաժանությունների և վայրագությունների վերաբերյալ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մելիքյանը զեկույցի մասին խոսելու է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` նա ասաց. «Անձամբ չեմ ճանաչում նրան: Վստահություն չունեմ, որ Արցախի ՄԻՊ-ի հետ շփումը Ադրբեջանի ՄԻՊ-ի համար շատ ցանկալի կլինի: Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ մենք նաև նրան կուղարկենք զեկույց, չնայած այս ամենը կա հրապարակային աղբյուրներում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում