Պեկինը կարող է զենք մատակարարել ԱՄՆ-ի թշնամիներին՝ ի պատասխան Թրամփի քաղաքականության. The Global Times

Պեկինը կարող է զենք մատակարարել ԱՄՆ-ի թշնամիներին՝ ի պատասխան Թրամփի քաղաքականության. The Global Times

Եթե ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի վարչակազմը չհետեւի «միասնական Չինաստանի» քաղաքականությանը եւ հարաբերություններ զարգացնի Թայվանի հետ, ՉԺՀ-ն կարող է զենք վաճառել Միացյալ Նահանգների հակառակորդներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է The Global Times չինական անգլալեզու թերթում դեկտեմբերի 12-ին հրապարակված հոդվածում:

«Թրամփը պարզամտորեն ենթադրում է, որ կարող է «միասնական Չինաստանի» քաղաքականությունը որպես հաղթաթուղթ օգտագործել Չինաստանից տնտեսական օգուտներ կորզելու համար»,- ասված է հրապարակման մեջ: Ինչպես նշում Է հրատարակությունը, եթե Վաշինգտոնն սկսի զենք վաճառել Թայվանին, Պեկինը ոչ մի հիմք չի ունենա նրան համարելու իր գործընկերը: «Ի պատասխան Թրամփի սադրանքների, Պեկինը կարող է աջակցություն եւ նույնիսկ ռազմական օգնություն առաջարկել ԱՄՆ-ի նկատմամբ թշնամական ուժերին»,- նախազգուշացնում են հոդվածի հեղինակները:

Թայվանի իշխանությունները, ինչպես նշում Է The Global Times-ը, կարող են ափսոսալ, որ «Թրամփին իրենց արմատական քաղաքականության կատարողն են դարձրել»: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի ընտրված նախագահն ինքը կարող է սխալներ կատարել դիվանագիտական փորձի պակասի պատճառով, գրում է հրատարակությունը: «Նա չի հասկանում՝ որքան վտանգավոր Է ԱՄՆ-ին ներքաշել նման պայթյունավտանգ խաղի մեջ»,– հավելել է թերթը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պարտավոր չէ հետեւել «միասնական Չինաստանի» քաղաքականությանը, որի համաձայն Թայվանը համարվում Է ՉԺՀ-ի բաղկացուցիչ մասը: «Ես լավ եմ հասկանում «մեկ Չինաստանի» քաղաքականությունը, բայց չեմ հասկանում, թե մենք ինչու պետք է հետեւենք դրան, եթե Չինաստանի հետ համաձայնության չենք գալիս այլ հարցերի, ներառյալ առեւտրի շուրջը»,- նրա խոսքը մեջբերում է Reuters-ը:

Բացի դրանից, Թրամփը կրկին Չինաստանին քննադատել է նրա արժութային քաղաքականության, Հարավչինական ծովում գործունեության եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ դիրքորոշման համար:

Մեկնաբանելով Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ կայացած հեռախոսազրույցը՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահը նշել է, որ Պեկինը չպետք է որոշի, թե ինքն ում հետ շփվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում