Մոգերինին հնարավոր է համարել Ռուսաստանի հետ դաշինքը՝ Թրամփին դիմակայելու համար

Մոգերինին հնարավոր է համարել Ռուսաստանի հետ դաշինքը՝ Թրամփին դիմակայելու համար

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հնարավոր է համարել ԵՄ-ի եւ Ռուսաստանի միավորվելը Իրանի հետ միջուկային գործարքը չեղարկելու ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի պլաններին դիմակայելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Մոգերինին կարծիք է հայտնել, որ Իրանի հետ գործարքից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը հակազդեցություն կառաջացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, որը ավանդ է ներդրել համաձայնագրի կնքման գործում: «Եթե վերլուծենք յուրաքանչյուր կոնկրետ դեպք, ապա կարելի է գտնել հարցեր, որոնցում եվրոպացիներն ու ռուսները կարող են հայտնվել մի կողմում՝ Իրանը, մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը, հնարավոր է՝ ՄԱԿ-ի դերը»,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:

Միեւնույն ժամանակ Մոգերինին կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ մեծ գործարքի մեջ կմտնի Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում՝ այդ գործընթացից բացառելով Եվրամիությանը: Նա նաեւ ընդգծել է, որ, չնայած Թրամփի վարչակազմի ցանկացած որոշման, Եվրամիությունը Մոսկվայի նկատմամբ գործելու է՝ ելնելով սահմանված այն պատժամիջոցներից, որոնք կապված են Մինսկի համաձայնությունների իրագործման հետ:

Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը դեմ էր արտահայտվում Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում