Անկարայում ՌԴ դեսպանատան փողոցը կկոչվի սպանված դեսպան Անդրեյ Կառլովի անունով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով Մոսկվայում է, հայտարարել է, որ Անկարայում փողոցը, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, կոչվելու է ՌԴ սպանված դեսպան Անդրեյ Կառլովի անունով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուն հայտարարություն է արել` ասելով, որ անիծում է կատարված հարձակումը Ռուսաստանի դեսպանի վրա: «Հարձակման նպատակը մեր հարաբերություններին վնասելն էր»,- ասել է նա:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում