Բեռլինի ենթադրյալ ահաբեկիչը չորս տարի անցկացրել է իտալական բանտում

Թունիսի քաղաքացի Անիս Ամրին, որին որոնում են Բեռլինում իրականացված ահաբեկչական գործողության գործով, չորս տարի անցկացրել է իտալական բանտում եւ հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտված եղել հայրենիքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել է Nosaique FM ռադիոկայանը՝ հղում անելով կասկածյալի հորը:

Նա պատմել է, որ Ամրին Աֆրիկայից հեռացել է յոթ տարի առաջ: Իտալական բանտում պատժաժամկետի լրանալուց հետո ենթադրյալ ահաբեկիչն անցյալ տարի հայտնվել է Գերմանիայում: Ռադիոկայանի տվյալներով՝ Թունիսի ուժային գերատեսչություններում նշել են, որ հայրենիքում նա դատապարտվել էր զինված կողոպուտի համար:

Ավելի վաղ կասկածյալի եղբայրը գերմանական Bild թերթին հայտնել է, որ Ամրին ահաբեկչությունից երկու շաբաթ առաջ խզել է կապերն ընտանիքի հետ: Նրա խոսքով՝ բոլոր ազգականներն էլ ցնցված են այն լուրից, որ իրենց մերձավորը կարող էր ահաբեկչական գործողություն կատարել Գերմանիայի մայրաքաղաքում: Ամրիի գտնվելու վայրի մասին ընտանիքը ոչինչ չգիտի:

Դեկտեմբերի 21-ին ոստիկանությունը թունիսցու հետախուզում է հայտարարել, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ է հայտարարված: Սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմությանը խոյահարած բեռնատարի խցիկի զննման ընթացքում վարորդի նստոցի տակ հայտնաբերվել են Անսի Ա.-ի անունով փաստաթղթեր՝ ծնված 1992 թվականին: Նաեւ, իրավապահների վարկածով, նա անձը հաստատող եւս մի քանի վկայական է ունեցել: Ինչպես նշվել է, ահաբեկչության կատարողը կարող է վիրավորված լինել:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում