Արցախի ծխախոտագործները կստանան պետական աջակցություն

«Արցախի ծխախոտագործները կստանան պետական աջակցություն ցրտահարված բերքի փոխհատուցման ու մթերված բերքի գնի հավելավճարի տեսքով»,- այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ծխախոտագործությամբ զբաղվող հողօգտագործողների հետ երեկ՝ կառավարության շենքում կայացած հանդիպմանը։

«Ծխախոտագործության զարգացման ծրագիրն Արցախի կառավարությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ու ռազմավարական, որովհետև շուկայի կոնյուկտուրայի ուսումնասիրութունը թույլ է տալիս տեսնել ոչ միայն արտադրության, այլև իրացման ապագան»,- նշել է նա:

Հանդիպմանը, որտեղ քննարկվել են ճյուղի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, ներկա էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, շրջվարչակազմերի ղեկավարները և «Մասիս տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը։ Նշվեց, որ նման ձևաչափով համդիպումն առաջին հերթին հնարավորություն է տալիս քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք ի հայտ են գալիս սերմից ու սածիլից սկսած մինչև բերքի մթերում ճանապարհին: Հողօգտագործողներն իրենց հուզող հարցերից զատ հանդես եկան նաև առաջարկություններով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տեղում սածիլների աճեցմանը, չորանոցների ու արտեզան ջրհորների թվի ավելացմանը: Վարչապետը գյուղնախարարությանը հանձնարարեց մի շարք տեղերում արտեզյան ջրհորներ փորել: Ընդ որում՝ նա ընդգծեց, որ պետական աջակցությունից, այդ թվում նաև, արտեզյան ջրհորներից օգտվելու հնարավորություն կտրվի միայն այն հողօգտագործողներին, ովքեր կանցնեն ոռոգման կաթիլային համակարգին, կհետևեն մթերող ընկերության ու գյուղնախարարության մասնագետների խորհուրդներին:

Հանդիպմանը կառավարության ղեկավարը կրկին անգամ հողօգտագործողներին հորդորեց հողը գրագետ մշակել, օգտվել համապատասխան գրականությունից ու մասնագետների խորհրդատվությունից: Այդ նպատակով հենց հանդիպման ընթացքում գյուղնախարարության և ՙՄասիս տոբակո՚ ընկերության միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ծխախոտագործությամբ զբաղվողների համար առաջիկայում դասընթացներ կազմակերպելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում