Սահմանը նոր և արդիական տեխնիկայով զինումը պաշտպանության նախարարության մշտական հսկողության ներքո է

Սահմանների զինումն արդիական տեխնիկայով մշտական գործընթաց է, որը չունի ոչ սկիզբ և ոչ էլ ավարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 8-ին հանրապետական հավաքակայան այցի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան: Այս գործընթացը մշտապես գտնվում է գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության հսկողության ներքո:

«Որքան կահավորված է առաջնագիծը, այնքան սահմանից ներթափանցման հավանականությունն ավելի քիչ է: Մենք ապրիլից ի վեր տեսնում ենք, որ այդ երևույթն ապացուցվում է փաստերով, փորձերի ներխուժման թվերով և դրանց արձագանքմանն ուղղված քայլերով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Տոնական օրերին սահմանում իրավիճակը եղել է հարաբերական հանգիստ: Դա չի նշանակում, որ չեն եղել զինադադարի խախտման դեպքեր. հակառակորդը շարունակում է պարբերական կրակ արձակել: «Դրանք հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ են: Մեր զինված ուժերը թիրախային են արձագանքում միայն այն դեպքում, երբ կա անհրաժեշտություն թիրախ խոցելու, այլ ոչ թե ուղղակի կրակին կրակով պատասխանելու, քանի որ այն էսկալացիայի և չհիմնավորված լարման ավելացման ճանապարհ է միայն»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով` Հայաստանի ղեկավարության քաղաքական մոտեցումն այն է, որ զինադադարի խախտման ցանկացած մոտեցում միջազգային պարտավորության խախտում է, և դրան պետք է տրվի քաղաքական գնահատական ու արձագանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում