Իսրայելի օդուժը ավիահարված է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային

Իսրայելի օդուժը ավիահարված է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային

Իսրայելի օդուժը մի շարք ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային՝ ոչնչացնելով զինամթերքի պահեստը, ինչը պայթյունների է հանգեցրել այդ ռազմական օբյեկտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են արաբական ԶԼՄ-ները:

«Իսրայելական ավիահարվածներից զոհվածներից թիվը դեռեւս հայտնի չէ»,– ասված է հաղորդագրության մեջ: Սիրիական բանակի ավագ սպայի տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թիվը պետք է որ մեծ չլինի, քանի որ հարվածների պահին պահեստի մոտ մեծ թվով զինվորականներ չեն եղել: Ավելի ուշ SANA պետական գործակալությունը հաստատել է ավիահարվածների վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտնել, որ ռմբակոծման վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:

Ինչպես հայտնել է BBC News-ը, Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են ավիահարվածներ հասցնելու մեջ: Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելի կառավարությունը չի հերքել եւ չի հաստատել այն տեղեկատվությունը, որ հարվածներ է հասցնում Սիրիային:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի Կաֆր Սուսա թաղամասում, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում