Օլանդը եւ Մեյը քննարկել են Brexit-ի թեման

Օլանդը եւ Մեյը քննարկել են Brexit-ի թեման

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Brexit-ի թեման: Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատը, խոսակցությունը տեւել է քառորդ ժամ: 

«Բրիտանիայի վարչապետը մի շարք պարզաբանումներ է արել նախօրյակին իր ունեցած ելույթների հիմնական դրույթների, մասնավորապես, այն բանի վերաբերյալ, որ իր երկիրը մտադիր Է դուրս գալ ոչ միայն Եվրամիությունից, այլեւ ներքին շուկայի համակարգից եւ մաքսային միությունից»,– ասված է հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի նախագահն ի գիտություն է ընդունել իրեն տրված պարզաբանումները: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն Է հայտնել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններն սկսվեն հնարավորինս շուտ այն բանից հետո, երբ մարտին երկիրը պաշտոնապես կհայտարարի իր դուրս գալու մասին»,- նշում է Ելիսեյան պալատը:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը նախօրյակին հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը քվարկության է դրվելու խորհրդարանի երկու պալատներում: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում է հսկողության հաստատում եվրոպական երկրներից ներգաղթի նկատմամբ: «Մենք վերահսկելու ենք ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց թվաքանակը: Վերահսկվող ներգաղթը կարող Է օգուտ բերել բիզնեսին»,-ասել է նա:

Ընդսմին, ինչպես նշել է Մեյը, Brexit-ը չի նշանակում հրաժարում այն արժեքներից, որոնք Լոնդոնը կիսում է եվրոպական մյուս երկրների հետ: «Մենք դուրս ենք գալիս Եվրամիությունից, բայց մենք չենք լքում Եվրոպան»,- ասել է նա, ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Եվրոպայի հետ ընդհանուր արժեքներից:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության դադարեցումից հետո Լոնդոնը կշարունակի կատարել պարտավորությունները եվրոպական գործընկերների հանդեպ:

Մեյը նաեւ խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կպահպանի կապերը եվրոպական հատուկ ծառայությունների հետ եւ կշարունակի նրանց հետ կիսել տեղեկատվությունը:

Մեյը նաեւ նշել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը չի կարող նախատեսել երկրի պահպանումը միասնական եվրոպական շուկայում: «Այն, ինչ ես առաջարկում եմ, չի կարող ենթադրել անդամակցություն միասնական շուկային»,-ասել է վարչապետը: Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաշվի կառնի Շոտլանդիայի եւ Ուելսի կարծիքը Եվրամիությունից թագավորության դուրս գալու գործընթացում: Բրիտանական կաբինետը «կապահովի թագավորության բոլոր մասերի իրավունքները երկրի խորհրդարանում»,-ասել է Մեյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում