Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն առաջիկա ժամերին ուղղակի բանակցություններ կսկսեն

Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունները հունվարի 23-ին Աստանայում կնստեն բանակցությունների նույն սեղանի շուրջ եւ ուղղակի բանակցություններ կվարեն միջնորդի ներկայությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սիրիայի Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի փոխղեկավար Աբդել Հակիմ Բաշարը: 

«Այո, դրանք կլինեն ուղղակի բանակցություններ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ընդ որում ընդդիմությունից պատվիրակության անդամը չի ճշտել, թե ով է հատկապես հանդես գալու որպես միջնորդ: Նա պարզաբանել է, որ դա կարող է լինել Ռուսաստանը, Թուրքիան կամ ՄԱԿ-ը:

Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն հայտարարել է, որ հանդիպման ձեւաչափը քննարկվում է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան այսօր հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Աստանայում Սիրիայի շուրջ սկսվող բանակցությունների կապակցությամբ: «Մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»,- ասել նա:

Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ այդ երկրի կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ բանակցություններն անցկացվելու են հունվարի 23-24-ին: Դրանց մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, պատվիրակությունները եւ դե Միստուրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում