Դե Միստուրան հորդորել է արաբական երկրներին ներգրավել Սիրիայի շուրջ բանակցություններում

ՄԱԿ-ի համար կարեւոր է արաբական երկրների ներգրավումը Սիրիայի շուրջ բանակցությունների գործընթացում, Աստանայի հանդիպման արդյունքների մասին կիրազեկվի Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ), սակայն նախքան ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք կոնսուլտացիաները Ժնեւի բանակցությունների ձեւաչափի եւ մասնակիցների վերաբերյալ խոսելը վաղաժամ է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան: 

«ՄԱԿ-ի համար շատ կարեւոր է արաբական երկրների ներգրավումը: Ես որոշակիորեն մտադիր եմ իրազեկել արաբական երկրներին. ի վերջո Սիրիան արաբական աշխարհում է, այլ ոչ թե Լուսնի վրա կամ Անտարկտիդայում. որպեսզի նրանց հասկանալ տանք, թե ինչն է եղել Աստանայի հանդիպման էությունը եւ ինչ կարող Է արվել զինադադարին սպառնացող վտանգները նվազեցնելու համար»,-ասել է դե Միստուրան:

«Ես նաեւ պլանավորում եմ ուղեւորվել Արաբական երկրների լիգա եւ իրազեկել նրանց»,-ասել է դիվանագետը:

Նա նշել Է, որ դրա հետ մեկտեղ Ժնեւի բանակցությունների ձեւաչափը պարզ կլինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ իր հանդիպումից եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայանալիք կոնսուլտացիաներից հետո:

«Ես կմեկնեմ Նյու Յորք՝ հայտնելու Աստանայի հանդիպման մասին, որը շատ հաջող էր, եւ այնտեղ խորհուրդ հարցնելու, թե ինչպես անցնել հաջորդ բանակցություններին»,-գործակալությանն ասել է զրուցակիցը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք արաբական երկրների ներկայացուցիչների մասնակցությունը փետրվարին նշանակված ժնեւյան բանակցություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում