Թրամփը Մակքեյնին եւ Գրեմին մեղադրել է Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու փորձերի մեջ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամներ հանրապետականներ Ջոն Մակքեյնը եւ Լինդսի Գրեմը, որոնք խիստ հակառուսական հայացքներ ունեն, Երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման հետեւողական փորձեր են ձեռնարկում: Կուսակիցների հասցեին այս արտահայտություններով է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

ԱՄՆ-ի նախագահը ժխտել է Մակքեյնի եւ Գրեմի այն նախազգուշացումը, թե ներգաղթի վերահսկողության վերաբերյալ իր նոր հրամանագիրն ավելի շատ նպաստում է ահաբեկչական սպառնալիքի սրմանը, քան ԱՄՆ-ի անվտանգության ամրապնդմանը: «Նախագահության նախկին թեկնածուներ Ջոն Մակքեյնի եւ Լինդսի Գրեմի համատեղ հայտարարությունը սխալ է»,- գրել է Թրամփը Twitter ցանցի իր միկրոբլոգում:

Ըստ որում նա Մակքեյնին եւ Գրեմին կոչ է արել «եռանդը կենտրոնացնել ԻՊ-ի, անօրինական ներգաղթի դեմ (պայքարի) եւ սահմանային վերահսկողության վրա, փոխանակ մշտապես ջանալու, որ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում