Դոնբասում իրադրության սրվելու հետեւանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի արեւելքում մարտական գործողությունների գոտում անցած օրվա ընթացքում զոհվել է եւս երեք զինվորական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Դոնբասում ուկրաինական զորքերի գործողության շտաբի մամուլի ծառայությունը: Եվս քսան մարդ վերքեր են ստացել, իսկ չորս հոգի՝ վնասվածքներ: Ավդեեւկայի՝ Դոնեցկի արվարձանի արդյունաբերական գոտում մարտական գործողությունները շարունակվում են հունվարի 29-ից:

Հունվարի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է հինգ զինծառայողների զոհվելու, ինչպես նաեւ 13 վիրավորների մասին:

Մինչդեռ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հայտարարել են, որ հունվարի 29-ին եւ 30-ին սպանվել են ուկրաինացի 78 զինվորականներ, եւս 76-ը՝ վերքեր են ստացել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԴԺՀ-ի օպերատիվ հրամանատարության փոխղեկավար Էդուարդ Բասուրինը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյի զեկույցը, որը հայտնվել է ապստամբների տրամադրության տակ:

Ինչ վերաբերում է ԴԺՀ-ի զինված կողմնակիցների կորուստներին, ապա, Բասուրինի ասելով, անցած մեկ օրում դրանք կազմել են չորս սպանված եւ յոթ վիրավոր:

Վերջին մի քանի օրերին թե՛ Կիեւը, թե՛ ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի կողմնակիցները հաղորդում են Դոնբասում իրադրության սրվելու մասին:

Ուկրաինացի զինվորականների տեղեկատվության համաձայն, վերջին մեկ օրում կողմերի սահմանազատման գծին իրենց դիրքերը գնդակոծվել են 71 անգամ: Հատկապես ծանր դրություն է ստեղծվել Ավդեեւկայի շրջանում, որտեղ ուկրաինական բանակի դիրքերը գնդակոծվել են ականանետներից, նռնականետներից եւ հրետանուց:

Հենց Ավդեեւկայից է սկսվել Դոնբասում հակամարտության սրվելու նոր փուլը: Կողմերը միմյանց մեղադրում են մարտական գործողություններ սկսելու մեջ:

Հունվարի 30-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդհատել է իր այցը Գերմանիա Ուկրաինայի արեւելքում իրադրության սրվելու պատճառով: Նրա մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հայտնել է, որ Ավդեեւկայում գնդակոծումների պատճառով ստեղծվել է արտակարգ դրություն, որը համեմատելի է հումանիտար աղետի հետ:

Պորոշենկոյի վարչակազմի փոխղեկավար Կոնստանտին Ելիսեեւը «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է, որ նախագահն արդեն վերադարձել է Կիեւ՝ «համակարգելու կառավարության միջոցառումները եւ հումանիտար աղետի կանխման միջոցները»:

Տեղի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ գնդակոծումներից Էլեկտրահաղորդման գծերի վնասվելու պատճառով առանց լուսի են մնացել Ադվեեւկայի շուրջ 25 հազար բնակիչներ: Նաեւ քաղաքում չկա ջուր եւ ջեռուցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում