Մամեդյարովը դժգոհ է Լավրովի հետ հանդիպման արդյունքներից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բարձրաձայնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման արդյունքից իր դժգոհությունը: Հանդիպումը, որը կայացել էր Մոսկվայում Մամեդյարովին լավատեսություն չի ներշնչել: Դիվանագիտության մեջ աննախադեպ նման հայտարարությունը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մամեդյարովն արել է Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ` պատասխանելով Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ հարցին:

«Ես չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները»,– հայտարարել է Մամեդյարովը:

Նա տեղեկացրել է, որ փետրվարին Գերմանիայում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 17-19-ը ընկած ժամանակահատվածում: Ես տվել եմ իմ համաձայնությունը»,- հայտնել է նա:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում:

Կատարվածից հետո Մամեդյարովը շտապել էր Մոսկվա` հանդիպելու և խնդրի առնչությամբ քննարկումներ ունենալու Լավրովի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում