Հայաստանի և Իրանի շահերը բավական համադրելի են տարածաշրջանում. իրանագետ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները որակում է բավականին առարկայան: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իրանագետը Իրանի և Հայաստանի շահերը համարեց համադրելի,իսկ համագործակցությունը՝ հեռանկարային:

«Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով պաշտոնական այց կայացել էր ունեցել 7 տարի առաջ: Այս տարիների ընթացքում տեղի են ունեցել որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ, ինչպես նաև փոփոխություններ ռազմական ոլորտում, հետևաբար, այս հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումները եղել են ավելի առարկայական, ընդ որում, մեծ է հավանականությունը, որ, բացի հայտարարված մասից, կա նաև բանակցությունների անդրկուլիսյան հատված»,- ասաց իրանագետը:

Արտյոմ Տոնոյանի հաղորդմամբ՝ թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերն այս պահին բավականին համադրելի են տարածաշրջանում՝ կապված պայքարի ընդհանուր օբյեկտի գոյության հետ: Իրանագետի կարծիքով՝ փոխշահավետ համագործակցության ակնկալիքով հավանական է, որ պետք է քննարկվեր վերջին հինգ տարում Ադրբեջանի տարածքից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ օգտագործման խնդիրը: Նա հիշեցրեց, որ 2014 թ. օգոստոսին Ադրբեջանի կողմից Նախիջևանի տարածքից տեղի է ունեցել իսրայելական արտադրության ԱԹՍ-երի օգտագործում դեպի իրանական տարածք: Դրանք օգտագործվել են նաև Հայաստանի դեմ թե քառօրյա պատերազմի օրերին և թե ավելի վաղ՝ 2011-ին:

Իրանը շահագրգռված է ռազմական ոլորտում համագործակցությամբ՝ կապված նաև ատրպատականյան խնդրի, պանթյուրքական հոսանքների հետ: Հայաստանը տարածաշրջանային առումով անվտանգության այլընտրանքային տարբերակների մշակման կարիք ունի, իսկ այս դեպքում այլընտրանքային տարբերակ է Իրանի հետ համագործակցության կայունությունը:

Արտյոմ Տոնոյանը հանդիպման հեռանկարներից է համարում ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական ոլորտներում հնարավոր համագործակցությունը: Այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարություններ չկան այս մասին, ինչը կապված է Իրանի դիրքորոշման հետ՝ ադրբեջանական մամուլում որոշակի շահարկումների առնչությամբ: Այս օրերին ադրբեջանական մամուլում արդեն իսկ կան շահարկումներ: Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարբեր շեշտադրումներ ենք տեսնում: Մասնավորապես նորություն էր այն, որ հայ-իրանական համագործակցությամբ շահագրգռված է Ռուսաստանի Դաշնությունը, և, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այս համագործակցությանը Իրանը գնում է Ռուսաստանի Դաշնության հրահանգով: Իրանը, մասնավորապես, մեղադրվում է թույլ Ադրբեջան տեսնելու ցանկության մեջ, որտեղ շիա հոգևորական գործիչներն ավելի ամուր դիրքեր կունենան: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանը դրա համար չի խնայում ոչ մի միջոց, նրա նպատակներից է նաև համագործակցությունը Հայաստանի հետ:

Իրանագետը հիշեցրեց նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպում կունենա Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Նախատեսված է հանդիպում նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում