Կայացել է ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդմնատվությունը

Սենատի կողմից ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի համար հավանություն ստացած Ռեքս Թիլերսոնը երդում է տվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Ձվաձեւ առանձնասենյակում: Սպասվում է, որ Թիլերսոնը Վաշինգտոնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կենտրոնակայանում կհայտնվի փետրվարի 3-ից ոչ շուտ:

Ինչպես նշված է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի տեղեկագրում, որը տարածվել է տեղական ժամանակով փետրվարի 2-ի երեկոյան, պետքարտուղարը «գերատեսչության աշխատակիցներին կդիմի փետրվարի 2-ին առավոտյան ժամը 9:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին) Պետդեպարտամենտ ժամանելուց հետո:

ԱՄՆ-ի Սենատը փետրվարի 2-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությանը: Քվեարկության ընթացքում 100 սենատորներից 56-ը պաշտպանել են Թիլերսոնի թեկնածությունը: Եվս 43 սենատորներ դեմ են հանդես եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում