Մարտին Շուլցը ժողովրդականության ցուցանիշով առաջ է անցել Անգելա Մերկելից

Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարտին Շուլցը նախապատվությունների ցուցանիշով առաջատարն է դարձել երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների շրջանում: Այդ են վկայում հարցման արդյունքները, որը փետրվարի 2-ին անցկացվել է ARD գերմանական հեռուստաալիքի համար:

Այսպես, հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկեր Շուլցի օգտին:

Մինչդեռ հարցման մասնակիցները 34 տոկոսը կցանկանար այդ պաշտոնում վերստին տեսնել նրա գլխավոր մրցակցին՝ Անգելա Մերկելին: Այսպիսով, ինչպես նշում է ARD-ն, նրա վարկանիշն իջել է անցած շաբաթ անցկացված հարցման արդյունքների համեմատությամբ:

Բացի այդ, հարցվածների մեծամասնությունն աջակցում է ԳՍԴԿ-ին եւ գտնում է, որ հենց այդ կուսակցությունը պետք է մեծամասնության հասնի գերմանական կառավարությունում:

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին, ինչից հետո կձեւավորվի կառավարություն եւ կընտրվի Գերմանիա կանցլերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում