Շուլցը «ժողովրդավարության սպառնալիք» է համարել Թրամփին

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից երկրի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ նրան համարելով «ժողովրդավարության սպառնալիք»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդարանի նախկին ղեկավարը հայտարարել է «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակված հրատարակության կայքում:

«Այն, ինչ այժմ սկսել Է անել ամերիկյան կառավարությունը, կոչվում է մշակույթների պայքար»,-ասել է Շուլցը: Նրա խոսքով՝ Թրամփը «խաղում է արեւմտյան աշխարհի անվտանգության հետ»:

Ավելի վաղ Շուլցը Թրամփին մեղադրել է Եվրամիությունը պառակտելու մտադրության մեջ: «Ակներեւ է, որ առկա է Եվրամիությունը պառակտելու ցանկություն»,-ասել է նա, նշելով, որ Թրամփը, լինելով դեռ ընտրված նախագահ, առաջիններից մեկը ԱՄՆ հրավիրեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու քարոզարշավի ղեկավար Նայջել Ֆարաջին: «Մեզ համար դա նշանակում է, որ խոշորագույն ներքին շուկան պետք է տրոհվի»,-պարզաբանել է Շուլցը: Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը «գրոհ է Եվրոպայի վրա» եւ չի համապատասխանում Գերմանիայի կառավարության շահերին:

«Մենք պահանջում ենք, որ մեր արժեքները եւ հարաբերություններում մեր դերը հարգվեն»,-հավելել է նա:

61-ամա Շուլցը Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցը կդառնա Բունդեսթագի ընտրություններում, որոնք նշանակված են սեպտեմբերի 24-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում