Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» 59 թիրախ ոչնչացնելու մասին

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողության շրջանակում Էլ-Բաբ և Բզագահ շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ էլ-Բաբ և Բզագահ շրջաններում օդային և ցամաքային հարվածներ են հասցվել ԻՊ-ին պատկանող 59 թիրախի: Ոչնչացվել է «Իսլամական պետության» 51 անդամ, որոնցից 4-ը ահաբեկչական խմբավորման «հրամանատարներ» են:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում