Ալիեւը փախուստի դիմեց Եվրախորհրդարանից. Լեյլա Յունուս

Բրյուսելում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անակնկալ կերպ չեղյալ է հայտարարել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանի հետ ծրագրված հանդիպումը, ով նախագահում էր «Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների շարունակությունը» թեմայով համաժողովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում այդ առնչությամբ հայտարարել է, որ իրականում Իլհամ Ալիեւը «փախուստի է դիմել է Եվրախորհրդարանից»:

«Ես դա նմանեցրեցի այն բանին, որ կարծես մարտ է գնում եւ գիտես, որ հարձակում է լինելու: Դու մի տեղ ես հավաքում տանկերը, հրետանին, որպեսզի դիմակայես հարձակմանը, եւ հարձակվող կողմն էլ դա տեսնի ու դիմի փախուստի: Ես կասեի, որ Իլհամ Ալիեւը փախավ: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի տեղակալն ինձ ասաց, որ պետք է Ալիեւին հանձնեն Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը: Ալիեւն էլ, տեսնելով, թե ինչ է սպասվում իրեն, երեւի հասկացավ, որ Եվրախորհրդարանում ավելի բաց խոսակցություն է տեղի ունենալու: Այնտեղ պետք է խոսեին Էմին Միլլին, Խադիջա Իսմայիլովան եւս: Երեւի մտածեց, որ չի կարողանալու տիրապետել իրեն, այդ պատճառով էլ հետ կանգնեց հանդիպումից», -ասել է Լեյլա Յունուսը:

Հարցին, թե Բաքվում իշխանամետ ԶԼՄ-ները Եվրախորհրդարանում նման քննարկումների կազմակերպումը Իլհամ Ալիեւի դեմ սադրանք համարո՞ւմ են, Լեյլա Յունուսն պատասխանել է, որ դա սադրանք չէ: «Որպես պատմաբան եմ ասում, որ դա մարտ է: Նա մեզ վրա հարձակվում է կոռումպացված, հանցավոր բանակով: Մենք` 3-ից 5 հոգով Ադրբեջանում, Եվրոպայում դիմակայում ենք հարձակմանը: Որքա՞ն ձերբակալություններ, ճնշումներ կարող են իրականացվել: Ներկայումս բանտերում գտնվող քաղբանտարկյալների թիվը 160-ից ավելի է: Թալեհ Բաղիրովին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, Իլգար Մամեդովին բաց չ են թողնում բանտից, REAL-ին «Իրանի լրտես» հանեցին, «Ազադլըգ» թերթը փակեցին, «Ազադլըգ Ռադիոյի» գրասենյակը փակեցին: Էլ ի՞նչ պիտի անեին իշխանությունները: Մնացել է գլուխներ կտրեն: Այդ հարձակմանը իրավապաշտպանների, բլոգերների, լրագրողների, շարքային քաղաքացիների դիմակայությունը եւ մարտում հաղթանակը ինչպե՞ս կարող է սադրանք լինել: Մենք մինչեւ վերջ գնալու ենք»,- պատասխանել է նա:

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Եվրամիության և Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանն պատասխանել է. «Դեռեւս խորհրդային շրջանում ասում էին, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է: Հստակ ոչինչ ասել չեմ կարող: Նայեք Վրաստանին, զարգանում է, այնտեղ նորմալ ընտրություններ են անցկացվում, նախագահներ են փոխվում, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք կա, իսկ Ադրբեջանն ավելի շատ մոտենում է Թուրքմենստանին, Ուզբեկստանին: Տեսեք՝ որքան քաղբանտարկյալներ կան, խոշտանգումներով սպանվողներ կան: Այդ պատճառով էլ հստակ ոչինչ ասել չի լինում: Բայց մեր նպատական այն է, որպեսզի մեր իմացած ճշմարտությունը հասցնենք աշխարհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում