Դավիթ Բաբայանը հրադադարի խախտումն արտառոց չի համարում. շփման գծում իրավիճակը հանգիստ է

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ճիշտ է, այսօր ադրբեջանական կողմը հրադադարն ակտիվ խախտեց, սակայն դա արտառոց դեպք չէ: Արտառոց կլիներ, եթե Ադրբեջանը հրադադարը չխախտեր»,- ասաց Բաբայանը` անդրադառնալով փետրվարի 7-ին հակառակորդի կողմից շփման գծում սադրիչ գործողությունների դիմելու փաստին:

Հարցին` ի՞նչի հետ է կապում վերջին շրջանում ադրբեջանական կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների ակտիվացումը` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց, որ դրանք կապված են տարբեր երևույթների հետ: «Դա Ադրբեջանի էությունն է, հայատյաց, ֆաշիստական քաղաքականությունը: Միաժամանակ, կան այլ հանգամանքներ ևս. հունվարի տոնական օրերը Ադրբեջանը մշտապես «շնորհավորում է յուրովի»: Բացի այդ, լրանում է Բաքվում հայերի ջարդերի հերթական տարելիցը, 2017 թվականին լրանում է Շուշիի ազատագրման 25-ամյակը, իսկ Ադրբեջանը ցանկանում է նման գործողությու ններով քողարկել իր պարտությունը, ձախողված վերջին դիվերսիոն փորձը»,- ընդգծեց Բաբայանը: Նրա խոսքով` հակառակորդը ոչ միայն սահմաններին է դիմում սադրիչ գործողությունների, այլ նաև դիվանագիտական հարթակներում, մասնավորապես, բլոգեր Լապշինի, ինչպես նաև Արցախում արտադրված ապրանքների հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում