Կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը բարեփոխումների քննարկման հարթակ է. վարչապետ

ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն առաջին հերթին պետության և մասնավորի համագործակցության հարթակ է, որտեղ քննարկվում են պետության զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումները տարբեր ոլորտներում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: «Այդ հարթակը քննարկում է բարեփոխումները բոլոր համակարգերում՝ տնտեսություն, մաքսային համակարգ, դատական համակարգ: Այդ հարթակը ստեղծվել է նրա համար, որ բոլոր որևէ խնդրով անհանգստացող մարդիկ կարողանան տալ առաջարկներ, որոնք վերաբերվում են տարբեր ոլորտներին»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ նման հարթակներ ամբողջ աշխարհում կան: Վարչապետը շեշտեց, որ դա բյուջեին լրացուցիչ ծախսեր չի բերում, միջոցների մեծ մասը մասնավոր հատվածից են: «Մենք մարդկանց համար ստեղծում ենք քննարկումների հարթակ»,– եզրափակեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում