Բրիտանացի պատգամավորներն ընդունել են Brexit-ի շուրջ բանակցություններ սկսելու օրինագիծը

Բրիտանացի պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ փետրվարի 8-ին երրորդ, վերջին ընթերցմամբ ընդունել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը գործարկելու մասին օրինագիծը (բիլլը): Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին քվեարկել է 494 պատգամավոր, դեմ՝ 122-ը: Օրինագիծն ընդունվել է այն տեսքով, որով այն ներկայացրել էր կառավարությունը, առանց որեւէ ուղղման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Այժմ բիլլը, որը վարչապետ Թերեզա Մեյին օժտում է Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելու իրավունքով, կներկայացվի օրենսդիր մարմնի վերին պալատի՝ Լորդերի պալատի քննարկմանը: Այն պետք է օրինագծի քննարկմանը ձեռնամուխ լինի մինչեւ փետրվարի 20-ը:

Օրինագծի քննարկման ընթացքում ժողովրդի ընտրյալները առաջարկել էին գրեթե 300 ուղղում, սակայն դրանք բոլորն էլ մերժվել են: Ի թիփս այլ ուղղումների մերժվել է Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ լիբերալ դեմոկրատների ուղղումը: Նաեւ նախարարների կաբինետը խուսափել է բանակցություններն սկսելու համար Շոտլանդիայի, Ուելսի եւ Իռլանդիայի տարածաշրջանային խորհրդարանների հավանությունն ստանալու անհրաժեշտությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում