Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Թրամփի միգրացիոն հրամանագրի իրագործման արգելքը

ԱՄՆ-ի 9-րդ օկրուգի Վերաքննիչ դատարանը պաշտպանել է երկիր առավելապես մուսուլմանական բնակչությամբ յոթ պետությունների քաղաքացիների մուտքը մերժելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի իրագործման արգելքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: 

«Այդ հրամանագրի ընդունումը պահանջող ապացույցներ տրամադրելու փոխարեն կառավարությունն այնպիսի դիրք է բռնել, որ մենք նույնիսկ չպետք է քննենք նրա որոշումը: Մենք համաձայն չենք»,– ասված է դատարանի որոշման մեջ:

Դրանում նաեւ նշվում է, որ «մի կողմից՝ բնակչությունը լրջորեն շահագրգռված է ազգային անվտանգության հարցում: Մյուս կողմից՝ բնակչությունը նաեւ շահագրգռված է տեղաշարժման ազատությամբ, այն բանում, որ ընտանիքները չբաժանվեն, խտրականությունից ազատ լինելու հարցում»:

Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել է սույն հրամանագրի գործողությունը: Թրամփը, մեկնաբանելով դատավորի վճիռը, այն համարել է ծիծաղելի եւ խոստացել, որ այն կչեղարկվի:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ մտադիր է վիճարկել վերաքննիչ դատարանի վճիռը, իսկ Թրամփն ինքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Կտեսնվենք դատարանում: Ազգի անվտանգության խնդիր է», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում