Ադրբեջանը Լապշինի միջոցով աշխարհին ուզում է ինչ-որ բան ապացուցել. մեկնաբանում են փորձագետները

Ադրբեջանը Լապշինի միջոցով աշխարհին ուզում է ինչ-որ բան ապացուցել. մեկնաբանում են փորձագետները

Ադրբեջանը չի համարձակվի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացու հետ վատ վարվել: Ադրբեջանը և Բելառուսը պարզապես ձգձգում են այս գործընթացը` Ռուսաստանի, գուցե նաև կուլիսներում Իսրայելի հետ որոշակի գործընթացների մեջ մտնելու համար: Այս մասին փետրվարի 11-ին կայացած ասուլիսին համակարծիք էին տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ադրբեջանը հիմա աշխարհին երկու բան է ուզում ցույց տալ: Լապշինին լավ վերաբերվելով ապացուցել, որ իրենք լավ են վարվում իրենց բոլոր բանտարկյալների հետ, հեռացնել իրենց բռնատիրական շղարշը և Լապշինին պարտադրել ներողություն խնդրել` այդպես վարվելով ընդդեմ Հայաստանի»,-ասում է Տիգրան Քոչարյանը:

Կարեն Քոչարյանը կարծում է, որ ներկայումս տեղի ունեցողը ոչ թե իրավաբանական, այլ Ադրբեջանի և Բելառուսի միջև «դու ինձ լավություն արեցիր, ես քեզ լավությամբ պատասխանեցի» գործընթաց Է:

Փորձագետների խոսքերով` վերջին հինգ տարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերն ուղղված են եղել Ադրբեջանի կողմ և դեմ Հայաստանին: Այս առումով` նրանք կարևորում են ԱԳՆ-ի կողմից իրականացվող աշխատանքի դերակատարությունը: Տիգրան Քոչարյանը կարծում է, որ մեր ԱԳՆ-ի կողմից այս ընթացքում ինչ-որ քայլեր արվել են, բայց դրանք եղել են ուշացած ու տեղային աշխատանքներ: Կարեն Քոչարյանի խոսքերով` ներկայումս Հայաստանի կողմից դիվանագիտական ապտակ կլինի` կոչ անել հայաստանցիներին մոտակա ժամանակներս չայցելել Բելառուս: Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի կոշտ հայտարարություններով ու դիվանագիտական գործողություներով հանդես գալը, պետք չէ սպասել` տեսնելու, թե ինչ է կատարվելու: Սա նաև Հայաստանի անմիջական գործն է, քանի որ յուրաքանչյուր հայաստանցի կարող է նույն վիճակում հայտնվել:

Փորձագետները կարծում են, որ այս դեպքը բացասական ազդեցություն չի ունենա Արցախ այցելությունների թվի վրա, դեռ ավելին` այն ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի: Ներկայումս Ադրբեջանը նամակներ է ուղարկում սև ցուցակում իրենց ներգրաված մարդկանց, ինչպես նաև ապագա հնարավոր Ղարաբաղ այցելողներին, բայց որևէ արդյունքի չի հասել: Բոլորը մերժել են` ասելով իրենց պլանավորած այցերը Արցախ կիրականանան:

Ներկայումս Լապշինի փաստաբանները դեռևս չեն հանդիպել նրա հետ, հանդիպել են միայն Ադրբեջանի կողմից ներկայացված պետական փաստաբանները: Լապշինի հարազատները դեռ չեն հասկանում, թե ադրբեջանական քննիչների, դատախազության գործունեությունն ինչ ընթացք կստանա և հիմա պարզապես հետևում են գործընթացին: Մինչև փաստաթղթերը չհայտնվեն իրենց ձեռքին, չեն կարող կոնկրետ քայլեր ձեռնարկել»,-եզրափակում է Տիգրան Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում