Մի խումբ թուրք սպաներ Նիդեռլանդներից քաղաքական ապաստան են խնդրել

Մի խումբ թուրք սպաներ Նիդեռլանդներից քաղաքական ապաստան են խնդրել

Մի խումբ թուրք զինվորականներ, ովքեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հրաժարվել են վերադառնալ հայրենիք, ընտանիքների հետ Նիդեռլանդներից քաղաքական ապաստան ստանալու դիմում են խնդրել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Նիդեռլանդների փախստականների և քաղաքացիության գրասենյակը սպաներին և նրանց ընտանիքներին թույլատրել է 18 ամսով մնալ երկրում, քանի դեռ քննվում են նրանց քաղաքական ապաստան տրամադրելու դիմումները:

Հոլանդական NRC պարբերականը հայտնել է, որ զինվորականները, որոնց թիվը չի հստակեցվում, մերժել են Անկարա վերադառնալու թուրքական կողմի կոչը: Որպես իրենց որոշման պատճառ նրանք ընդգծել են, որ Թուրքիայում չի մնացել արդար դատավարության հնարավորություն: Պարբերականի տվյալներով` Նիդեռլանդների իշխանությունները դրական չեն տրամադրված զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջի նկատմամբ:

NRC-ին հարցազրույց տված թուրք պաշտոնյաները զինվորականներին «արդար դատելու» երաշխիք են տվել: Միաժամանակ նրանք հայտարարել են, թե անընդունելի են համարում, որ ՆԱՏՕ-ում իրենց գործընկեր Նիդեռլանդները դասալիքների համար դառնան «ապահով նավահանգիստ»:

Նիդեռլանդների հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 100-ից ավելի թուրք սպաներ Արևմտյան Եվրոպայի երկրներից ապաստան ստանալու դիմում են տվել:

Հայտնի է նաև, որ Գերմանիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում գտնվող 40, իսկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում 86 թուրք զինվորականներ հրաժարվել են վերադառնալ երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում