ԼՂՀ նախագահի խորհրդականն Արցախի ձայնը միջազգային ատյաններում լսելի դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

ԼՂՀ նախագահի խորհրդականն Արցախի ձայնը միջազգային ատյաններում լսելի դարձնելու անհրաժեշտություն է տեսնում

Արցախի պաշտպանությունը միայն Պաշտպանության բանակի ուսերին թողնելը սխալ է: «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական աշխատաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը:

«Ամեն մեկս մեր ոլորտում ունենք անելիք, ամեն մեկս ունենք, այսպես ասած, մեր խրամատը: Կարող եմ ասել, որ մարդու իրավունքների մասնագետների, իրավապաշտպանների շրջանում զգալի աշխատանք է կատարվել ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասով, սակայն այստեղ մի խնդիր կա. փաստորեն, այդ իրադարձությունների հարցով, որոնք տեղի են ունեցել Արցախի տարածքում, միջազգային ատյաններում, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ում Արցախի ձայնը լսելի չէ. ինչու, որովհետեւ ֆորմալ առումով Արցախը դեռեւս ճանաչված պետություն չէ»,- ասաց նա:

ԼՂՀ նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ աշխատանք է տարվում այս խնդիրը լուծելու համար հնարավոր ուղիներ գտնելու ուղղությամբ: «Այդ բոլոր իրադարձությունները մեր տարածքում են տեղի ունեցել, եւ մեր կարծիքով՝ դա նույնիսկ դատարանի համար շատ լավ կլինի, որ գործերին ճիշտ լուծում տալու համար Արցախի եւ Արցախի ժողովրդի ձայնը լսելի լինի: Ցանկացած զինվորի մահվան գործով քրեական գործեր են հարուցվել, քննվել են, եւ բոլոր փաստաթղերը Արցախի Հանրապետությունում են. մեր մոտեցումն այն է, որ Արցախի ձայնը պետք է լսվի»,-ընդգծեց Էմիլ Բաբայանը:

Նրա խոսքով՝ դիվանագիտական առումով Արցախը միշտ էլ ներկա է եղել բանակցային գործընթացում, թեպետ ֆորմալ կերպով ճանաչված չէ:

«Գիտենք, որ որեւէ հարց առանց Արցախի համաձայնության չի կարող լուծվել: Կարծում եմ՝ դիվանագիտությանն այլընտրանք չկա, այլընտրանքն արդեն պատերազմն է, ինչից մենք պարտավոր ենք խուսափել»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում