Գերմանացի պատգամավորները դեմ են Օբերհաուզեն քաղաքում Յըլդըրըմի հանրահավաքին

Գերմանացի պատգամավորները դեմ են Օբերհաուզեն քաղաքում Յըլդըրըմի հանրահավաքին

Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ հայտնել են իրենց մտահոգությունը` կապված գերմանական Օբերհաուզեն քաղաքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի կողմից կազմակերպվելիք հանրահավաքի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն անընդունելի է համարել վարչապետի կողմից սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հանրահավաքի անցկացումը գերմանական քաղաքում` առավել ևս, երբ Թուրքիայի ընդդիմությունը բանտարկված է: «Դա խիստ հեռու է արդար ընտրական քարոզարշավի պայմաններից»,- հայտարարել է նա:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատների կուսակցության պատգամավոր Ջանսել Քըզըլթեփեն մեղադրել է Յըլդըրըմին մանիպուլյացիայի մեջ: «Այն, ինչ ցանկանում է Գերմանիայում անել վարչապետ Յըլդըրըմը, Թուրքիայի քաղաքացիներին խաբելն է»,- ասել է նա` ընդգծելով, որ սահմանադրական հանրաքվեն նպատակ ունի ավելացնել «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունը:

Խնդրի առնչությամբ խոսել է նաև Բունդեսթագի մեկ այլ թուրք պատգամավոր` Սևիմ Դաղդելենը, ով նշել է, որ Էրդողանն ու Յըլդըրըմը Թուրքիայում ժողովրդավարությունը քանդողներից են: «Գերմանիայում միջոցառումների կազմակերպմամբ բռնապետության համար հարմար մթնոլորտ է ստեղծվում»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում